ԵՐԵՔ ՓՈՔՐ ՔԱՅԼ, ԵՐԿՈՒ ՄԵԾ ՔԱՅԼ

Դիպլոդո անունով դինոզավրը բացատում պարի էր գնում: Դինոզավրենց պարի դասատուն երկու ոտքից կաղ էր: Նրա սաներից միայն Դիպլոդոն էր պարի շարժումնեը ճիշտ անում: Մյուսները նույնությամբ կրկնում էին դասատուի ցույց տված ձևով:

-Երե՛ք, չո՛րս, գնացի՜նք…,-ամեն պարապմունքին դասատուն իր սաներին տասներկու անգամ կրկնել էր տալիս պարը:- Երեք փոքր քայլ, երկու մեծ քայլ, առջևի թաթերը բարձրացնում ենք գլխից վերև, ծա՛փ, տեղում կիսապտույտ… ապրե՜ք… թաթերն իջեցնում ենք, երեք փոքր քայլ, երկու մեծ քայլ: Վե՛րջ: Նորից ենք սկսում: Մարմինը ձիգ, քայլերը գեղեցիկ: Երե՛ք, չո՛րս, գնացի՜նք…

Ամեն անգամ «մարմինը ձիգ, քայլը գեղեցիկ» հրահանգի ժամանակ Դիպլոդոն սպասում էր, որ պարի դասատուն իրեն օրինակ կբերի, մյուսներն էլ կնայեն ու իրենց քայլերը ճիշտ կանեն: Բայց դասատուն այդ մասին ոչինչ չէր ասում: Իսկ պարապմունքից հետո նա միշտ ասում էր դինոզավրին.

-Դու շատ պիտի աշխատես, Դիպլոդո: Բնությունից օժտված լինելը քիչ է:

-Բնությունի՞ց,-հարցնում էր Դիպլոդոն: Նա ոչ մի կերպ չէր հասկանում, թե իրենց պարի բացատը, բացատը բոլորած ծառերը, ներքևում հոսող գետն ու բլրաձորակային անհարթություններն ինչ կապ ունեն իր պարելու հետ: Բայց ամեն անգամ դինոզավրի հարցին պատասխանելու փոխարեն պարի դասատուն կիսագաղտնի շշնջում էր.

-Պոչդ որ չլիներ, է՜, աշխարհում քեզ նման պարող չէր լինի:

Ասում էր դինոզավրենց պարի դասատուն ու գնում էր երկու ոտքից կաղալու:

-Պո՞չս,- հարցնում էր դինոզավրը` արդեն գնացած պարի դասատուին:

Իհարկե, չի կարելի ասել, թե դինոզավր Դիպլոդոյի պոչը պարելիս չէր խանգարում: Բայց դա ի՞նչ պատճառ էր, որ Դիպլոդոյի պոչը չլիներ: Պոչով, թե անպոչ` աշխարհում Դիպլոդոյի նման պարող չկար, որովհետև մյուս բոլոր պարողները նույնությամբ կրկնում էին դասատուի շարժումները:

Պարապմունքից հետո Դիպլոդոն իր պարի դասատուի ասածն էր անում` շատ էր աշխատում: Կրկնում ու կրկնում էր պարային շարժումները: Տասներկու անգամ: Հետո էլի տասներկու անգամ: Չէ՞ որ շուտով իրենց պարի խումբը համերգ էր տալու: Ովքեր ասես, որ չէին գալու: Պարի դասատուն այդ համերգի մասին ասում էր «շատ պատասխանատու համերգ»:

Մի քանի պարապմունք անց կենդանիներն ամեն տեղից հավաքվել էին բացատում` պարի խմբին դիտելու: Օձը, դեռ համերգը չսկսած` ֆշշացնում էր, կոկորդիլոսը, դեռ համերգը չսկսած` հուզվել, լաց էր լինում: Կրիան էլ, դեռ համերգը չսկսած` բոլորին ասում էր. «Դե, վերջապես մի տեղ գտեք, նստեք: Բան չի երևում»:

Իսկ պարի խումբը լարված-կանգնած էր պարի բացատի եզրով շուրջպար բռնած մեծ-մեծ ծառերի հետևում: Դասատուն երկու ոտքից կաղալով վազվզում էր ու խորհուրդներ տալիս իր սաներին.

-Մարմինը ձիգ, քայլերը գեղեցիկ: Երե՛ք, չո՛րս, գնացի՜ք…

Եվ ահա խումբը պարային շարժումներ անելով մտավ բացատ: Դիպլոդոն իր անտեղի կաղացող ընկերների համար շատ էր անհանգստանում, բայց հույս ուներ, որ հավաքվածներն առանձնապես չեն նկատի: Ու կարծես այդպես էլ եղավ: Ամեն ինչ շատ լավ էր ընթանում: Դասատուն մի մեծ թփի հետևից կիսաձայն հուշում, հրահանգներ էր տալիս.

-Երեք փոքր քա՛յլ, երկու մեծ քա՛յլ, առջևի թաթերը բարձրացնում ենք գլխից վերև, ծա՛փ… տեղում կիսապտո՛ւյտ…

Ու կիսապտույտ տված պարի խումբը մեջքով դեպի հանդիսատեսը շրջված` շարունակում էր պարել ու շարժել` ով պոչ ուներ` պոչը, ով պոչ չուներ` պոչի տեղը:

Մեկ էլ մի ահավոր աղմուկ բարձրացավ: Դիպլոդոն կեսից հասկացավ, որ նստածները ոչ թե հիացած բղավում, այլ ծիծաղից մեռնում են: Ինչ ուզում ես ասա, երկու ոտքից կաղալով կիսապտույտ անելն, իրոք, շատ ծիծաղելի է: Խումբը մի անգամ էլ տեղում կիսապտույտ արեց, դեմքով շրջվեց դեպի հանդիսատեսը, ու Դիպլոդոն նայեց քահ-քահ ծիծաղողներին: Բայց նրանք կարծես ինչ-որ պոչի վրա էին ծիծաղում… Դա ինչ-որ պոչ չէր: Դիպլոդոյի պոչն էր: Որը գուցե պարելիս մի քիչ խանգարում էր, բայց Դիպլոդոյի՛ն էր խանգարում:

Խումբը շարունակում էր երկու ոտքից կաղալով պարել: Բայց Դիպլոդոյի` հետևում մնացած պոչը հանդիսատեսին հանգիստ չէր տալիս: Ծիծաղում ու ծիծաղում էին: Ահա և քեզ` շատ պատասխանատու համերգ: Դիպլոդոն թողեց պարելը, շրջվեց, նայեց իր պոչին, նայեց պարողներին, նայեց ծիծաղողներին, ինչ-որ անհասկանալի բաներ քրթմնջաց, պոչը քաշեց ու գնաց: Բնությունից օժտված Դիպլոդոն երեք փոքր քայլ, երկու մեծ քայլ անելով գնաց բլուրների կողմը: Դա բոլո՛րը տեսան: Բայց դինոզավր Դիպլոդոյին էլ երբեք ոչ ոք չտեսավ:

Եր-բե՛ք:

Անդաստան

Անդաստան

Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող ըլլա…
Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.
Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝
Օրհներգությո՜ւն թող ըլլա:

Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությո՜ւն թող ըլլա…
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածին՝
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:

Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա…
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող ըլլա:

Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող ըլլա…
Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող ըլլա։

Պապն ու թոռը. Ստեփան Զորյան

Մաս 1

Եփրեմ պապը շա՜տ ծեր էր։

Վաղուց նրա աչքերը չէին տեսնում, ականջները ծանր էին լսում, իսկ գլուխը շարունակ դողում էր հասած արևածաղկի պես։ Դողում էին և նրա սառը, չոր ձեռները. այնպես որ, երբ նա թանով ապուր էր ուտում կամ շորվա, կերակուրը միշտ կաթկթում էր նրա սպիտակ, մի քիչ էլ կանաչած միրուքի վրա։

Բացի դրանից, Եփրեմ պապը չէր կարողանում երկար ման գալ, հեռու տեղ չէր գնում և միայն արև օրերին, երբ սիրտն ուզում էր զբոսնել տան առաջի պարտեզում, կանչում էր թոռանը — Աստղիկին և նրա առաջնորդությամբ, ձեռնափայտը ձեռին, կամաց-կամաց ման էր գալիս ծառերի տակ։ Հետո Եփրեմ պապի ատամներից շատերը թափվել էին, դրա համար էլ ոչ միս էր կարողանում ուտել, ոչ չոր հաց։

Շա՜տ ծեր էր Եփրեմ պապը։ Տանը նրան այնքան էլ չէին սիրում և ամեն բան չէին տալիս ուտելու։ Բայց նա սիրում էր ամենքին, և ամենից շատ փոքրիկ Աստղիկին. պատմում էր նրան հեքիաթներ, առակներ, պատմում էր ուրիշ տղաների, աղջիկների մասին և այն մասին, թե ինչո՛ւ են ընկնում աստղերը երկնքից։ Երբեմն կոպեկներ էր նվիրում նրան, որ կոնֆետ առնի… Եվ դրա համար Աստղիկը պապին շատ էր սիրում. ամեն անգամ բռնում էր պապի ձեռից և առաջն ընկած ման ածում ծառերի արանքում ու բացատրում, թե որ ծառը ո՛րքան է բռնել և թե ինչպես է ծաղկել մասրի թուփը… Բայց Աստղիկը շատ էր ափսոսում, որ պապը չի տեսնում այդ բոլորը, և որովհետև պապը չէր տեսնում, Աստղիկը խղճում էր նրան և ավելի սիրում։

Մի բան սակայն դուր չէր գալիս Աստղիկին, այն, որ պապը հիվանդանում էր շուտ-շուտ։

Այժմ էլ՝ երեք շաբաթ էր ահա պապը հիվանդ էր։ Երբ նա հազում էր, Աստղիկին թվում էր, թե չոր տերևներ են խշխշում նրա կրծքի տակ, իսկ քնած տեղը այնպես էր խռխռացնում, մեկը կարծես խեղդում էր նրան… Քանի օր էր պապն ուզում էր դուրս գալ արևի տակ զբոսնելու, բայց տատը չէր թողնում. ասում էր՝ կմրսի… Եվ Աստղիկը զարմանում էր տատի վրա, թե ինչո՛ւ է նա այդպես անխիղճ մերժում պապին։ Ինչ կա որ, — մտածում էր նա, — թո՛ղ պապը դուրս գա, էլի տուն կգա… Բայց տատը և մայրիկը չէին թողնում։Եվ քանի նրանք չէին թողնում, պապն ավելի էր ցանկանում դուրս գալ…

Եվ ահա մի օր պապն անսպասելի վեր կացավ անկողնից։ Աստղիկն այդ օրը շատ լավ է հիշում։ — Կիրակի էր. տատն ու մայրիկը գնացել էին ժամ, իսկ հայրիկը քաղաքումն էր։ Երբ ինքը՝ Աստղիկը, փողոցից եկավ տուն, տեսավ պապը նստել է անկողնում և ձեռքերով բան է փնտրում կողքին։

— Ի՞նչ ես ուզում, պապի, — հարցրեց Աստղիկը։

— Շորերս, — ասաց պապը դողալով։

Աստղիկը տվեց նրան կապան, չուխան, ոտնամանները և գդակը։ Պապը դողդողալով հագնվեց և փայտը ձեռին դուրս եկավ պատշգամբ ու նստեց այնտեղ՝ թախտի վրա, արևի դիմաց։

Այդ օրը պապի դեմքը շատ տարօրինակ էր։ Աստղիկը նայում էր նրան և զարմանում, թե ինչու այդպես մտամոլոր է պապը և ինչի է ականջ դնում նա։

Պապն իսկապես ինչ-որ բանի ականջ էր դնում. գլուխը բարձր բռնած, աչքերը խուփ, նա կարծես կամենում էր լսել, թե ի՛նչ է կատարվում գյուղում և գյուղից դուրս… Քանի ժամանակ էր դուրս չէր եկել տնից և դրա համար, խորը շունչ քաշելով, ուզում էր լսել կարծես դրսի կյանքը… Մի քանի տարվա կուրությունը սրել էր նրա լսողությունը, ուստի և նա պարզ լսում էր մեղուների երգը օդի մեջ, բարդիների տերևների ուրախ ճքճքոցը և երեխաների զվարթ աղմուկը մի հեռավոր տան բակից։ Նրա ականջին էր հասնում և եկեղեցու տոնական զանգահարությունը, որը կարծես թրթռում, խաղում էր օդի մեջ և, շունչը կտրած, ընկնում գետին։

Զանգերի ղողանջը Եփրեմ պապի հոգում զարթեցնում էր անցած գնացած հուշեր, և նա իրեն տեսնում էր երեխա, որ Զատկին հոր հետ գնում էր եկեղեցի, ու զանգերը ղողանջում էին այդպես հանգիստ ու միալար… Հետո նա իրեն տեսնում էր ջահել ու առողջ, որ նույնպես ջահել մի աղջկա հետ, թև–թևի տված պսակի է գնում, ու զանգերն էլ ղողանջում էին այդպես թրթռալով… Վերջապես, նա տեսնում էր իրեն հասակն առած տղամարդ, որ գերանդին ձեռքին խոտ էր հնձում դաշտի մեջ… Զնգում էր գերանդին, լորերը թռչում էին խոտի միջից։ Խոտը լաս–լաս դարսվում էր շարքով և այսօրվա պես դարձյալ ղողանջում էին ժամի զանգերը…

Այս բոլորը հիշելով՝ Եփրեմ պապը հանկարծ զգաց հնձած խոտի հոտ և, բերանը բանալով, խորը շունչ քաշեց։

Պապը նորից խորը, երկար շունչ քաշեց։

Մաս 2

Աստղիկը, որ ամբողջ ժամանակ նայում էր հիվանդ պապին, հանկարծ զարմացավ, տեսնելով պապի դեմքը պայծառացած։

— Աստղիկ։

— Ի՞նչ է, պապի։

— Ինձ տար բաղը։

— Բա որ մրսե՞ս, պապի, — ասաց Աստղիկը, տարակուսանքով նայելով պապի կույր աչքերին։

— Չեմ մրսի, աղջիկս, գնա՛նք…

Եվ պապ ու թոռ ձեռք-ձեռքի տված մտան պարտեզ։ Ծերունին, ձեռր թոռանը տված, քայլում էր նրա ետևից և հարցնում, թե ի՞նչպես են ծառերը, բոլորն էլ ծաղկե՞լ են արդյոք, ծաղիկները թափվե՞լ են, թե ոչ։

— Թափվել են, պապի, թափվել են, — պատասխանեց Աստղիկը։

— Պտուղներ երևո՞ւմ են ծառերի վրա։

— Այո, պապի, շա՜տ…

— էդ լավ է, — ասաց պապը, — էդ լավ է։

Խոսելով հասան փոքրիկ պարտեզի ծայրը, որտեղից մի փոքրիկ դռնակ էր բացվում փողոցի վրա։ Պապն այդտեղ կանգ առավ և նորից շունչ քաշեց։

— Գնանք տուն, պապի, — ասաց Աստղիկը, — կմրսես, տատը կբարկանա…

— Չէ, բալիկս, չեմ մրսի, — հանգստացրեց պապը և շարունակեց շունչ քաշել։

Մի փոքր այսպես կանգնելուց հետո պապը հարցրեց.

— Հանդն էստեղից մոտիկ է, չէ՞, Աստղիկ։

— Հա, պապի, իհարկե, մոտիկ է։

— Դե որ մոտիկ է, աղջիկս, — ասաց պապը, — ինձ տար հանդը։ Դու էլ քեզ համար ծաղիկ կքաղես։

Աստղիկն ուրախացավ.

— Հա՛, պապի. էնքա՜ն ծաղիկ կա հանդում…

Մի քանի րոպե անց արդեն գյուղացիները զարմանքով տեսան իրենց բակերից, թե ինչպես հիվանդ Եփրեմ պապը թոռան ձեռից բռնած գնում էր դեպի դաշտը։ նրանք գնում էին դաշտ և մոռացել էին, որ տանը մարդ չկա և դռները բաց են հավերի ու շների առջև։

Փոքր հետո նրանք դուրս եկան դաշտը և երկար ժամանակ գնում էին խոտերի միջով։ Պապը քայլում էր կռացած և հևում ամեն մի քայլ անելիս, բայց կարծես չէր հոգնում. իսկ Աստղիկը պապի ձեռը բռնած առաջնորդում էր նրան և շարունակ խոսում. «Պապի, դեսն արի», «Պապի, առաջիդ քար կա», «Պապի, լոք տուր..» ։ Եվ ծեր պապը, թոռան ձայնին հնազանդ, կատարում էր նրա բոլոր պահանջները, լոք էր տալիս ջրի վրայից, թեքվում էր այն կողմը, ուր քաշում էր իրեն փոքրիկ աղջիկը։

Բավական տեղ գնալով՝ պապը կանգնեց, շունչ քաշեց բարձրահև ու հարցրեց Աստղիկին, թե ի՞նչ տեղ են գտնվում իրենք։

— Լավ տեղ ենք, պապի, — պատասխանեց Աստղիկը։— Էնքան ծաղիկ կա…

Պապը շունչ քաշեց դարձյալ և հարցրեց.

— Անտառը մոտիկ է, հա՞…

— Հա, պապի, հրես մոտիկ։ Դու տեսնո՞ւմ ես որ…

Պապը, առանց պատասխանելու, կույր աչքերը բարձրացրեց և ականջ դրեց։Այս անգամ նա ուզում էր լսել անտառի ձայնը։ Եվ ահա պարզ նրա ականջին էր հասնում հինավուրց անտառի խշշոցը, որ նման էր գետի տևական շառաչի։ Անտառը խշշում էր այնպես, կարծես բոլոր ծառերը միասին երգ էին ասում։ Ի՜նչ լավ է խշշում անտառը, — մտածեց պապը։ Այդ խշշոցը նույնն էր, ինչ որ շատ–շատ տարիներ առաջ։ Այդպես էր խշշում նա, երբ ինքը երիտասարդ էր. այդպես էր խշշում մերին, երբ նա հասակն առած տղամարդ էր… Այդ խշշոցը նույնն է, առաջվանը. նույնը կլինի և միշտ… Ու Եփրեմ պապը տխուր հառաչանքով նստեց կանաչների վրա հանգստանալու, իսկ Աստղիկն սկսեց ծաղիկներ քաղել և վազել թիթեռների հետևից։

Նստած տեղը, բոլոր ժամանակ, Եփրեմ պապը շարունակում էր ականջ դնել։

Այժմ անտառի խշշոցի հետ նրա ականջին էր հասնում առվի քչքչոցը… Նա ճանաչում էր այդ առուն, հնձի ժամանակ քանի՜ անգամ էր հաց կերել նրա մոտ… Առվի քչքչոցի հետ Եփրեմ պապի ականջին էին հասնում և թռչունների երգը — այդ արտույտներն էին երգում — և խոտերի շրշյունը, և հովից օրորվող թփերի շշունջը, իսկ հեռվից գալիս էր դարձյալ եկեղեցու զանգերի ձայնը ու խառնվում անտառի խշշոցին։

Ի՜նչ լավ է խշշում անտառը…

Այսպես էր մտածում պապն իր սրտի խորքում, և նրա շրթունքները դողում էին հուզմունքից, ուզում էր աղոթել, բայց միտքն աղոթքի խոսքեր չէին գալիս… Մի փոքր էլ ականջ դնելով այդ ծանոթ, հարազատ ձայներին, պապը հանկարծ կռացավ և գլուխը խոնարհեց գետնին…

Երկար համբուրում էր նա կանաչով ծածկված հողը և անզուսպ արցունքներն առատորեն թափվում էին նրա աչքերից… Մի փոքր էլ, մի փոքր էլ, և նա ուժասպառ ընկավ կանաչների վրա…

Քիչ հետո, երբ Աստղիկը ծաղիկներ գրկած վերադարձավ պապի մոտ, զարմացավ, որ պապը պառկել է…

«Պապն ինչո՞ւ է քնել էսպես», — մտածեց նա և ձայն տվեց։

Բայց պապը նրան չպատասխանեց։

Այդ ժամանակ Աստղիկն ավելի մոտեցավ նրան և շարժեց ձեռը,

— Պապի, ա՛յ պապի, — կրկնում էր ձեռքը քսելով պապի երեսին, գլխին։— Վեր կաց, գնա՛նք… Դե, պապի, վեր կա՛ց, տատը կբարկանա…

Պապը դարձյալ չէր զարթնում։ Իսկ Աստղիկը շարունակում էր շարժել նրա ձեռը, գլուխը, աղերսում էր, որ զարթնի։ Բայց պապը ժաժ չէր գալիս…

Այդ տեսնելով, վերջապես, Աստղիկը որոշեց և վազեց տուն հայտնելու, որ պապը քնել է դաշտում ու չի զարթնում… Բայց պապը չէր քնել…

Գնացին տեսան պապը մեռել էր դաշտում։

Երբ Աստղիկն այդ իմացավ, նա չէր կարողանում հավատալ, որ պապը մեռած լինի, նա չէր հավատում և նրան, թե պապին կտանեն իրենց տնից և նա էլ ետ չի գա…

«Հապա էլ ո՞վ կպառկի նրա անկողնում, — մտածում էր նա, – ո՞վ կհագնի նրա չուխան…» ։

Եվ երբ մյուս օրը տերտերները պապին տարան ժամ, Աստղիկն սպասում էր, թե պապը կվերադառնա, բայց մութն էլ ընկավ, նա չեկավ… Իսկ երբ տան դռները փակեցին, որ քնեն, Աստղիկը սաստիկ տխրեց ու լաց եղավ վերմակի տակ։ Նա լաց էր լինում ու մտածում, թե ի՛նչու տան դռները փակեցին. չէ՞ որ պապը կարող է գալ, գուցե հենց հիմա էլ ելել ու կանգնել է դռան առաջ…

Լաց լինելով մտածում էր, թե ո՛վ պետք է այնտեղ ման ածի պապին, չէ՞ որ նա չի տեսնում, կարող է քարի դեմ առնել կամ ոտը ջուրը գցել…

— Ա՜խ, տեսնես կլինի մեկը, — մտածում էր Աստղիկը, — մի բարի տղա կամ մի բարի աղջիկ, որ խեղճ պապին ման ածի այնտեղ…

Առաջադրանքներ

  1. Համացանցից օգտվիր, պատմիր այն մասին, թե ինչու են երկնքից աստղեր ընկնում:
  2. Դուրս գրիր անծանոթ բառերն ու բառարանի օգնությամբ գտիր բացատրությունները, այնուհետև կազմիր նախադասություններ այդ բառերով:
  3. Նկարագրիր կերպարներին՝ պապիկին, Աստղիկին և տատիկին:
  4. Գրիր փոքրիկ պատում քո և պապիկիդ մասին:
  5. Պատրաստիր փոքրիկ հարցազրույց պապիկիդ մասնակցությամբ, տեսաձայնագրիր և տեղադրիր բլոգում:

Սև քթերի կղզին

Մի անգամ, երկրագնդի շուրջ իմ ճանապարհորդությունների ժամանակ, ես այցելեցի Neronia կղզին, որտեղ օրենքը պահանջում էր, որ բոլոր բնակիչնեը սև քիթ ունենային: Սև ինչպես ածուխը, թանաքը կամ ֆուտբոլի մրցավարների համազգեստը:
Սկզբում պտտվելով Neronia-ի ճանապարհներով, կարծեցի, թե Դիմակահանդես էր.մարդիկ բնականոն դեմքեր ունեին` բնականոն գույներով, ոմանք սպիտակ մաշկով էին, ոմանք՝ մի քիչ արևից խանձված, ոմանք էլ՝վարդագույն.բայց դեմքերի մեջտեղում բոլորը սև քթեր ունեին, որ ասես դուրս էին եկել կոշիկի վաքսի տուփից:
Մտա մի պանդոկ ու պանդոկապանին, ում քիթը բնականաբար ավելի սև էր, քան իր շշերը, զվարթորեն հարցրի.
-Պատահաբար մի քիչ կանաչ ներկ չէի՞ք ունենա:
-Պարո՛ն, -ասաց նա, -եթե տեղացի չեք, լավ կանեիք չկատակեիք, եթե օտարերկրացի եք, ընդունեք այս իմ խորհուրդը.անմիջապես ձեր քիթը սև ներկեք, կամ էլ, ետ գնացեք այն ճանապարհով, որով եկել եք ու հեռացեք առանց ետ նայելու:
-Ես օտարերկրացի եմ, -պատասխանեցի,-բայց չեմ հեռանա: Ավելին, սև քթերի այս դեպքն ինձ շատ է հետաքրքրում, ու եթե ինձ չբացատրեք, կկանգնեմ ձեր պանդոկի դռան մեջ՝ ոստիկանների ուշադրությունը գրավելու համար:
-Աստված սիրե՛ք, -բացականչեց պանդոկապանը՝ ձեռքերը աղաչական պարզելով, -նման բան չանե՛ք, թե չէ ստիպված կլինեմ կրպակս փակել: Պետք է իմանաք, որ Neronia կղզում մի հինավուրց օրենք կա, ըստ որի՝ բոլոր մարդիկ պետք է սև քթեր ունենան:
-Իսկ ի՞նչ կպատահի, եթե մեկը, առավոտյան, չհիշի որ իր քիթը պիտի սև ներկի:
-Ամենաքիչը, որ կարող է նրան պատահել, ձերբակալվելն է ու քթին հարյուր մտրակի հարված ստանալը: Բնականաբար նա կկորցնի նաև իր աշխատատեղն ու ստիպված կլինի ողորմություն խնդրել: Եթե երկրորդ անգամ նրան բռնացնեն առանց սև քթի, բանտ կնետեն, ցմահ, ու այնտեղ կմնա նաև մահվանից հետո, քանզի բանտում նաև գերեզմանատուն կա:
-Եվ դուք հանդուրժո՞ւմ եք այս ամենը:
-Ես պանդոկապան եմ, թանկագին պարոն.ես իմ գործով եմ զբաղված: Ամեն իրիկուն հաշիվներս եմ անում` այսքան ծախս, այսքան շահույթ: Ի՜նձ ինչ, թե քիթս ինչ գույնի է:
Պանդոկապանին թողնելով իր հաշիվների ու բախտի հետ, գնացի զբոսնելու այդ կղզում իմ քթով, որ քթի գույն ուներ: Մարդիկ, սկզբում, սարսափով լի մի հայացք վրաս նետելուց հետո, ձևացնում էին, թե չէին տեսնում ինձ, կամ պարզապես այնպես էին իրենց պահում, ասես ես գոյություն չունեի, կամ էլ, նայում էին մարմնիս միջով, ասես թափանցիկ լինեի:
Ուղիղ կեսօրին, մի ոստիկան ինձ կանգնեցրեց:
-Քաղաքացի՛, -ասաց ինձ խստորեն,-դուք խախտել եք օրենքը: Հետևեցե՛ք ինձ:
Մարդկանց մի փոքր խումբ էր հավաքվել մեր շուրջը: Հենց այդ պահին սկսեց անձրևել:
Վայրկյանների ընթացքում անձրևը լվաց նրանց քթերի ներկը, որ երբևէ արևի երես տեսած չլինելով` այնպես էին սպիտակել, ասես հենց նոր էին ելել լվացքի միջից:
-Դուք ևս խախտել եք օրենքը, -ասացի ես ոստիկանին:-Ձեր քիթն ավելի սպիտակ է, քան իմը:
-Ճի՛շտ է,- ասաց մի տղեկ, որը լրագրեր էր վաճառում: -Ոստիկանի քիթն էլ է սպիտակ: Մենք բոլորս սպիտակ քթեր ունենք:
-Աստծո՛ւ սիրուն,- սկսեց աղաչել ոստիկանը,- ես ընտանիքի տեր եմ, հինգ երեխա եմ պահում: Հացս մի՛ կտրեք: Հետևեցե՛ք ինձ:
-Ավելի շուտ, ի՛նձ հետևեք , -գոռացի հավաքվածներին:
-Գնա՛նք թագավորի պալատի մոտ ու ցույց տանք մեր սպիտակ քթերը:
-Գնա՛նք, -գոռաց տղեկը, ու նրա հետ գոռաց ողջ բազմությունը:
-Արդեն զզվե՛լ ենք էս սև քթերից, -գոռաց ինչ-որ մեկը:
Ու այդպես սկսվեց հեղափոխությունը Neronia-յում.քիչ ժամերի ընթացքում ճանապարհները լցվեցին սպիտակ քիթ ունեցող մարդկանցով. թագավորն ու իր նախարարները փախան, պանդոկապանը երդվեց, որ միշտ, երբ գնում էր նկուղ` գինին շշերի մեջ լցնելու, քթի սև ներկը հանում էր, իսկ ոստիկանները վարձակալում էին իրենց հարևանների երեխաներին, որպեսզի ցույց տային, թե շատ երեխաներ ունեին պահելու:
Ու հիմա ես կասկածում եմ, թե չլինի՞ անսպասելի անձրևի շնորհիվ եղավ այդ ամենը, կամ այն միակ քաղաքացու շնորհիվ, որն օտարերկրացի էր ու առաջինը քաջություն ունեցավ ցույց տալու իր սպիտակ քիթը, երբ արևն էր շողում:

Ուսումնակքն գարուն

 

  • Բլոգիդ «Իմ գրադարանը» բաժնում կարդացածդ գրքի (գրքերի) մասին պատմելիս  անպայման նշի՛ր  բաժինը:
  • Ի՞նչ գիրք ես կարդում(վերնագիրը, հեղինակի անունը):
  • Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:
  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:
  • Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:
  • Կարդացածդ գիրքը ներկայացրո՛ւ  ռադիոնութի կամ տեսանյութի միջոցով:

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ «ՔԵՖ ԱՆՈՂԻՆ ՔԵՖ ՉԻ ՊԱԿՍԻԼ»

                                               Դ

Առավոտը վաղ տերության պաշտոնյաները կտրեցին Հասանի աղքատ տնակի դուռը.

— Էստե՞ղ է կենում քեֆ սիրող Հասանը։

— Ես եմ,— պատասխանեց զարմացած Հասանը։

— Թագավորի հրամանով հետևիր մեզ։

Ուղիղ պալատը տարան Հասանին։ Հայտնեցին, որ թագավորն իրեն պալատականի պաշտոն է տվել։ Պալատականի զգեստ հագցրին, մի թուր էլ կապեցին մեջքը ու կանգնեցրին պալատի մուտքերից մեկի առջև։ Ամբողջ օրը էն մուտքի առջև պարապ կանգնեց Հասանը։ Իրիկունը որ մթնեց, դատարկ ճամփու դրին տուն, թե՝ գնա, առավոտը ետ կգաս քո տեղը կանգնելու։

Գիշերը դարձյալ դերվիշի շոր մտավ Հարուն Ալ Ռաշիդ թագավորն ու գնաց քաղաքը շրջելու։

Գնաց մոտեցավ Հասանի տանը։ Ականջ դրեց։ Զարմանքով լսեց, որ դարձյալ հնչում են երգն ու երաժշտությունը։ Հասանը քեֆ է անում դարձյալ։ Ներս մտավ։

— Դերվի՜շ, դերվի՜շ, քո տունը չքանդվի, արի է՛, երեկվա խոսքդ էլ կատարվեց, թագավորն ինձ պալատում պաշտոն է տվել։

— Ի՞նչ ես ասում։

— Աստված վկա։

— Եվ երևի շատ փող է տվել…

— Չէ՜, ինչ փող. մի գրոշ չտվին։ Դատարկ տուն ղրկեցին։

— Հապա որտեղի՞ց ես փող գտել, որ դարձյալ քեֆ ես անում։

— Նստի՛ր, ասեմ որտեղից։ Մի թուր են կապել մեջքս։ Իրիկունը տուն գալիս մտածեցի, թե՝ հո ես մարդ չեմ սպանելու։ Տարա պողպատի շեղբը (մեջը) ծախեցի, պողպատի փոխարեն փայտե շինել տվի, մեջը դրի, եկա տուն։ Եկա պողպատի փողով քեֆ սարքեցի։ Լավ եմ արել, չէ՞, դերվիշ, ավելի լավ է ուրախություն ունենալ, քան մարդ սպանելու սուր։

— Հա´, հա´, հա´,— ծիծաղեց դերվիշը։— Լավ անելը՝ լավ ես արել, Հասան, բայց եթե էգուց քեզ թագավորը հրամայի, թե՝ կտրի էս հանցավորի գլուխը՝ ի՞նչ ես անելու։

— Բերանդ բարի բաց արա, ա՛յ չարագուշակ դերվիշ,— բարկացավ Հասանը։ — Հակառակի նման ինչ էլ ասում ես, կատարվում է. չե՞ս կարող մի լավ բան ասել…

Ու շատ վշտացավ Հասանը։ Սիրտը երկյուղ ընկավ, ամբողջ գիշերը չկարողացավ քնի։

Իրավ որ, մյուս օրը թագավորը կանչեց Հասանին ու ամբողջ արքունիքի առջև հանդիսավոր հրամայեց, որ մի հանցավորի գլուխը կտրի։

— Հանիր թուրդ ու կտրի էս հանցավորի գլուխը։

— Ապրած կենաս, մեծ թագավոր,— պատասխանեց սարսափած Հասանը,— ես իմ օրում մարդու գլուխ չեմ կտրել, չեմ կարող։ Փորձված մարդիկ շատ կան քո պալատում, հրամայիր մի ուրիշը կտրի…

— Ես քեզ եմ հրամայում,— սաստեց թագավորը,— եթե մի վայրկյան էլ ուշացրիր, գլուխդ կթռչի։ Հանի՛ր թուրդ…

Էս խոսքի հետ թշվառ Հասանը մոտեցավ հանցավորին, ձեռքերը տարածեց ու աղաղակեց դեպի երկինք.

— Տեր աստված, արդարն ու մեղավորը դու գիտես։ Եթե էս մարդը մեղավոր է, ինձ ուժ տուր, որ մի զարկով թռցնեմ սրա գլուխը, իսկ եթե արդար է, թող փայտ դառնա իմ թուրը..

Ասավ, դուրս քաշեց թուրը… Փա՜յտ։ Հրաշքի վրա պալատականները մնացին ապշած։ Էստեղ ձարուն Ալ Ռաշիդ թագավորը փառ-փառ ծիծաղեց ու ամեն բան բաց արավ, պատմեց իր պալատականների առջև։ Շատ ծիծաղեցին պալատականները ու շատ գովեցին թե՛ ուրախություն սիրող Հասանին, թե՛ թագավորին։ Ծիծաղեց մինչև անգամ էն դժբախտ հանցավորը, որ չոքած, վիզը մեկնած սպասում էր թրի զարկին։ Թագավորը բաշխեց հանցավորին իր կյանքը, իսկ Հասանին դառնալով՝ հռչակեց նրան իր սիրելի մարդը ամբողջ տերության մեջ ու լավ պաշտոն տվեց, որ միշտ աշխատի ու անպակաս ուրախ ապրի, ուրիշներին էլ սովորեցնի ուրախ ապրել աշխարհքում։

Հարցեր և առաջադրանքներ

1․Դուրս գրի՛ր տեքսսից անծանոթ բառերը։

կենալ-ապրել, գրոշ-կոպեկ,պողպատ- պինդ մետաղ,շեղբ-Դանակի՝ դաշույնի կտրող մասը:,աղաղակել-բարձր ձայն արձակել, վախից՝ զայրույթից  ճչալ:

2․Գտի՛ր ինչպիսի հարցին պատասխանող բառեր։

աղքատ, պողպատի ,փայտե,սարսափած,դժբախտ

3․Ի՞նչ պաշտոն ստացավ Հասանը։

Հասանը ստացավ թագավորի պալատում դռնապանի պաշտոն։

4․Ինչու՞ թագավորը չվճարեց գումար Հասանին։

Թագավորը փող չվճարեց, որ տեսնի հասանը էլ ինչով է քեֆ անելու։

5․Ինչպե՞ս գումար հայթայթեց Հասանը խնջույքի համար։

Հասանը վաճառեց պողպատե շեղբը և տեղը փայտե սարքել տվեց։

6․Ինչպե՞ս ավարտվեց հեքիաթը։

Թագավորը Հասանին դարձրեց իր սիրելին ,լավ պաշտոն տվեց և թագավորը այնքան գումար վճարեց ,որ հասանը լավ քեֆ աներ։

Կոմիտաս «Ծիրանի ծառ»

Ծիրանի՛ ծառ, բար մի՛ տա,
Ճըղներըդ իրար մի՛ տա
Ամեն մեջըդ ման գալիս
Ցավերըս իրար մի՛ տա։

Հա՛, տըվե՛ք, ե՛տ տըվեք, սա՛րեր,— հովն ընկավ,
Սըրտիս խընդում ծովն ընկավ.
Գընա, էլ ետ չըգա էս տարվա տարին,—
Սև դարդն իմ վըզովն ընկավ։

Հո՜վ, հո՜վ, հովն ընկավ,—
Սըրտիս խընդում ծովն ընկավ։

Մեռա բաղում բանելեն,
Մի կողմեն ջուր անելեն,
Ծառերին թուփ չըմընաց,
Դարդիս դարման տանելեն։

Սև ամպը գըցել ա հով,
Մութը տըվել ա իմ քով.
Տեսնո՛ւմ եք՝ ինձ պատել ա
Էս անիրավ արյուն ծով։

Նըստած տեղիս քար չունիմ,
Էրված սըրտիս ճար չունիմ.
Ա՜յ անօրեն, փուչ աշխարհ,—
Բաղ ունիմ ու բար չունիմ։

Բառարան

Բար-1․պտուղ, ծառապտուղ, 2․բերք,3․Բար- նուբար— տեսակ-տեսակ պտուղներ, բերք

Դարդ-վիշտ, ցավ, հոգս, մտահոգություն

Դարման- դեղ, դեղամիջոց

Բաղ-1․խաղողի այգի,պարտեզ, բանջարանոց2․ կոշիկի կապ

Ճար-հնար, միջոց,ուժ

Ճար անել-միջոց գտնել

Էրվել-այրվել,վառվել,տոչորվել,տառապել

Անիրավ— անարդարադատ

Քով(արևմտահայ բարբ.)-կողք

Բանալ-բացել