Մազերի խնամք

Մազը բաղկացած է երկու մասից՝ մաշկի մակերևույթից դուրս ցողունից և մաշկի մեջ ընկղմված արմատից:

Մազերի բնական փայլը կախված է իրենց ճարպային, այդ թվում հականեխիչ քսուքից, որը օգնում է օտար միկրոօրգանիզմների դեմ պայքարում։ Մաշկում գտնվում են ճարպագեղձեր, որոնք իրենց արտադրանքն են մղում մազերի follicles։

Մազերի խնամքը

Ճարպոտ մազերն անհրաժեշտ է լվանալ ավելի հաճախակի, քան չոր և բնականոն մազերը։ Լվանալու համար ամենալավը 40–45 °C ջերմաստիճանի ջուրն է։ Ավելի լավ է օգտագործել փափուկ (կալցիումի, մագնեզիումի, երկաթի աղերից զուրկ), եռացրած ջուր կամ բորաքսի (1 լ ջրին՝ 1 թեյի գդալ) թույլ լուծույթ։ Կարճ մազերը սանրում են արմատից դեպի ծայրերը, երկար մազերը՝ ծայրերից՝ սանրն աստիճանաբար վերև տեղաշարժելով։ Ավելի լավ է օգտագործել բնական մազից պատրաստած խոզանակ, մազաթափության դեպքում՝ նոսր ատամներով սանր։ Մազերը կարելի է կարճացնել՝ սկսած մանկական տարիքից։ Տղաները դեմքի մազերը սափրում են 15–16 տարեկանից։ Մազերի աճման արագությունից կախված՝ սափրում են ամեն օր կամ օրընդմեջ։ Մազերը հարդարելու (կտրելու, ներկելու, գանգրացնելու, վարսահարդարիչով մշակելու), հոնքերը և թարթիչները խնամելու նպատակով ստեղծված են բազմաթիվ գեղեցկության սրահներ, վարսավիրանոցներ, առողջության կենտրոններ։ Մազահարդարումը և դիմահարդարումը վերածվել են յուրօրինակ արվեստի. ամեն տարի անցկացվում են վարսավիրների և դիմահարդարների զանազան մրցույթներ։