ԵՐԵՔ ՓՈՔՐ ՔԱՅԼ, ԵՐԿՈՒ ՄԵԾ ՔԱՅԼ

Դիպլոդո անունով դինոզավրը բացատում պարի էր գնում: Դինոզավրենց պարի դասատուն երկու ոտքից կաղ էր: Նրա սաներից միայն Դիպլոդոն էր պարի շարժումնեը ճիշտ անում: Մյուսները նույնությամբ կրկնում էին դասատուի ցույց տված ձևով:

-Երե՛ք, չո՛րս, գնացի՜նք…,-ամեն պարապմունքին դասատուն իր սաներին տասներկու անգամ կրկնել էր տալիս պարը:- Երեք փոքր քայլ, երկու մեծ քայլ, առջևի թաթերը բարձրացնում ենք գլխից վերև, ծա՛փ, տեղում կիսապտույտ… ապրե՜ք… թաթերն իջեցնում ենք, երեք փոքր քայլ, երկու մեծ քայլ: Վե՛րջ: Նորից ենք սկսում: Մարմինը ձիգ, քայլերը գեղեցիկ: Երե՛ք, չո՛րս, գնացի՜նք…

Ամեն անգամ «մարմինը ձիգ, քայլը գեղեցիկ» հրահանգի ժամանակ Դիպլոդոն սպասում էր, որ պարի դասատուն իրեն օրինակ կբերի, մյուսներն էլ կնայեն ու իրենց քայլերը ճիշտ կանեն: Բայց դասատուն այդ մասին ոչինչ չէր ասում: Իսկ պարապմունքից հետո նա միշտ ասում էր դինոզավրին.

-Դու շատ պիտի աշխատես, Դիպլոդո: Բնությունից օժտված լինելը քիչ է:

-Բնությունի՞ց,-հարցնում էր Դիպլոդոն: Նա ոչ մի կերպ չէր հասկանում, թե իրենց պարի բացատը, բացատը բոլորած ծառերը, ներքևում հոսող գետն ու բլրաձորակային անհարթություններն ինչ կապ ունեն իր պարելու հետ: Բայց ամեն անգամ դինոզավրի հարցին պատասխանելու փոխարեն պարի դասատուն կիսագաղտնի շշնջում էր.

-Պոչդ որ չլիներ, է՜, աշխարհում քեզ նման պարող չէր լինի:

Ասում էր դինոզավրենց պարի դասատուն ու գնում էր երկու ոտքից կաղալու:

-Պո՞չս,- հարցնում էր դինոզավրը` արդեն գնացած պարի դասատուին:

Իհարկե, չի կարելի ասել, թե դինոզավր Դիպլոդոյի պոչը պարելիս չէր խանգարում: Բայց դա ի՞նչ պատճառ էր, որ Դիպլոդոյի պոչը չլիներ: Պոչով, թե անպոչ` աշխարհում Դիպլոդոյի նման պարող չկար, որովհետև մյուս բոլոր պարողները նույնությամբ կրկնում էին դասատուի շարժումները:

Պարապմունքից հետո Դիպլոդոն իր պարի դասատուի ասածն էր անում` շատ էր աշխատում: Կրկնում ու կրկնում էր պարային շարժումները: Տասներկու անգամ: Հետո էլի տասներկու անգամ: Չէ՞ որ շուտով իրենց պարի խումբը համերգ էր տալու: Ովքեր ասես, որ չէին գալու: Պարի դասատուն այդ համերգի մասին ասում էր «շատ պատասխանատու համերգ»:

Մի քանի պարապմունք անց կենդանիներն ամեն տեղից հավաքվել էին բացատում` պարի խմբին դիտելու: Օձը, դեռ համերգը չսկսած` ֆշշացնում էր, կոկորդիլոսը, դեռ համերգը չսկսած` հուզվել, լաց էր լինում: Կրիան էլ, դեռ համերգը չսկսած` բոլորին ասում էր. «Դե, վերջապես մի տեղ գտեք, նստեք: Բան չի երևում»:

Իսկ պարի խումբը լարված-կանգնած էր պարի բացատի եզրով շուրջպար բռնած մեծ-մեծ ծառերի հետևում: Դասատուն երկու ոտքից կաղալով վազվզում էր ու խորհուրդներ տալիս իր սաներին.

-Մարմինը ձիգ, քայլերը գեղեցիկ: Երե՛ք, չո՛րս, գնացի՜ք…

Եվ ահա խումբը պարային շարժումներ անելով մտավ բացատ: Դիպլոդոն իր անտեղի կաղացող ընկերների համար շատ էր անհանգստանում, բայց հույս ուներ, որ հավաքվածներն առանձնապես չեն նկատի: Ու կարծես այդպես էլ եղավ: Ամեն ինչ շատ լավ էր ընթանում: Դասատուն մի մեծ թփի հետևից կիսաձայն հուշում, հրահանգներ էր տալիս.

-Երեք փոքր քա՛յլ, երկու մեծ քա՛յլ, առջևի թաթերը բարձրացնում ենք գլխից վերև, ծա՛փ… տեղում կիսապտո՛ւյտ…

Ու կիսապտույտ տված պարի խումբը մեջքով դեպի հանդիսատեսը շրջված` շարունակում էր պարել ու շարժել` ով պոչ ուներ` պոչը, ով պոչ չուներ` պոչի տեղը:

Մեկ էլ մի ահավոր աղմուկ բարձրացավ: Դիպլոդոն կեսից հասկացավ, որ նստածները ոչ թե հիացած բղավում, այլ ծիծաղից մեռնում են: Ինչ ուզում ես ասա, երկու ոտքից կաղալով կիսապտույտ անելն, իրոք, շատ ծիծաղելի է: Խումբը մի անգամ էլ տեղում կիսապտույտ արեց, դեմքով շրջվեց դեպի հանդիսատեսը, ու Դիպլոդոն նայեց քահ-քահ ծիծաղողներին: Բայց նրանք կարծես ինչ-որ պոչի վրա էին ծիծաղում… Դա ինչ-որ պոչ չէր: Դիպլոդոյի պոչն էր: Որը գուցե պարելիս մի քիչ խանգարում էր, բայց Դիպլոդոյի՛ն էր խանգարում:

Խումբը շարունակում էր երկու ոտքից կաղալով պարել: Բայց Դիպլոդոյի` հետևում մնացած պոչը հանդիսատեսին հանգիստ չէր տալիս: Ծիծաղում ու ծիծաղում էին: Ահա և քեզ` շատ պատասխանատու համերգ: Դիպլոդոն թողեց պարելը, շրջվեց, նայեց իր պոչին, նայեց պարողներին, նայեց ծիծաղողներին, ինչ-որ անհասկանալի բաներ քրթմնջաց, պոչը քաշեց ու գնաց: Բնությունից օժտված Դիպլոդոն երեք փոքր քայլ, երկու մեծ քայլ անելով գնաց բլուրների կողմը: Դա բոլո՛րը տեսան: Բայց դինոզավր Դիպլոդոյին էլ երբեք ոչ ոք չտեսավ:

Եր-բե՛ք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *